«ժառանգությունն» ընդունում է իշխանությունների մարտահրավերը

16:47 • 23.01.12

Եթե Ընտրական օրենսգիրքը չփոխվի, «ժառանգության» խորհրդարանական խմբակցությունն ամբողջ կազմով մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ կունենա գալիք խորհրդարանական ընտրություններում, այս մասին այսօր հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ բանավեճի ժամանակ:

Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց, առաջարկելով «եթե»-ներով չխոսել, որովոհետև Ընտրական օրենսգիրք չի փոխվելու:
Թե ո՞ր ընտրատարածքում կառաջադրվի ինքը` Անահիտ Բախշյանը, դժվարանում է պատասխանել:

«Ես որտեղ էլ առաջադրեմ իմ թեկնածությունը, այնտեղի ժողովրդին կասեմ՝« ո՞վ է ձեր պատգամավորը» ,և այդ ոչինչ չարած պատգամավորի մոտ իմ արած գործը ցույց կտամ և կասեմ, թե ինչ եմ անելու արդեն այդ տարածքի համար»,- իր հետագա մարտավարությունը ներկայացրեց Բախշյանը:

Ըստ պատգամավորի՝ Ընտրական օրենսգիրք փոփոխելը քաղաքական կամք է և այդ կամքը պետք է ցուցաբերի երկրի նախագահը:
Անահիտ Բախշյանի համար ամենաբարդը ֆինանսական ռեսուրսների խնդիրն է: Սակայն առանց դրա էլ «ժառանգությունում» վստահ են, որ արդար ընտրությունների դեպքում իրենք կհաղթեն ամենուր:

Համամասնական -մեծամասնական ընտրակարգերից բացի բանախոսներն անդրադարձան հարցին, թե ով որքան մանդատ կունենա ապագա խորհրդարանում:

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ իր կուսակցությունը հաջորդ գումարման խորհրդարանում կունենա ոչ պակաս տեղեր, քան ունի հիմա: Չնայած վստահությանը, որ իրականում կհաղթի ՀՀԿ-ն, Սուքիաս Ավետիսյանը մեծամասնական ընտրակարգով մեկ անգամ ևս առաջադրվելու ցանկություն չունի: