«Ավագշին»-ը դրժում է խոստումը. կրկին ահազանգ Նալբանդյան 106/1 հասցեից
Քիչ առաջ խմբագրություն էր զանգահարել Երևանի Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչ Կարինե Միլեթբաշյանն՝ ահազանգելով, որ «Ավագշին» ընկերության աշխատակիցները այսօր իրենց բակի տարածք են մտել տեխնիկայով և փորձել արմատախիլ անելով այլ վայր տեղափոխել բակում մնացած մի քանի ծառերը:
Հիշեցնենք, որ այս տարածքի բնակիչները մեկ տարի շարունակ բոլոր հնարավոր մեթոդներով՝բողոքի ակցիաներից մինչև դատարան, պայքարում են, որ «Ավագշին» ընկերությունը այս տարածքում բարձրահարկ շենք չկառուցի:
Նալբանդյան 106/1 հասցեում Tert.am-ը պարզեց, որ բնակիչների դիմադրության արդյունքում «Ավագշինի» բանվորներն ի վերջո հեռացել են:
Բնակիչները, որոնց տեղեկացմամբ՝ այս փորձերը պարբերական բնույթ են կրում, դիմադրել են՝ բացատրելով, որ տարվա այս եղանակին ծառերի տեղափոխումը կհանգեցնի նրանց չորացմանը: Ծառերի տեղափոխումը կասեցվել է միայն այն բանից հետո, երբ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, որը Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների կողմից մեկ տարի շարունակ բարձրացվող SOS-ին մշտապես արձագանքում է, բանվորներից պահանջել է հեռանալ:
Անահիտ Բախշյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ այսօր նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և պահանջել , որպեսզի նա կատարի իր՝ մոտ մեկ ամիս առաջ տված խոստումը և առաջիկա օրերին հանդիպում կազմակերպի բնակիչների և «Ավագշինի» ներդրողի հետ, որպեսզի կողմերի համատեղ համաձայնությամբ հաստատվի այս տարածքում կառուցվելիք շենքի նախագիծը: Ըստ Անահիտ Բախշյանի՝ պատկան մարմինների հետ նախկին պայմանավորվածության համաձայն, միայն այս դեպքում ընկերությունը կարող է ստանալ շինարարության թույլտվություն:
Հիշեցնենք, որ «Ավագշինի» ներդրող ներկայացած ռուսաստանցի գործարար Գևորգը Ամանորից առաջ «Ժառանգության» պատգամավորներին խոստացել էր ոչ միայն արմատախիլ չանել կանգնած ծառերը, այլև «լցնել» կտրվածների փոսերը նոր ծառերով:
Հիշեցնենք, որ բնակիչները կտրականապես դեմ են, որպեսզի «Ավագշին«-ը այս տարածքում բարձրահարկ շենք կառուցի:









