Ֆրանսիան Թուրքիային օգնում է ուղղել իր պատմության սխալները. Արամ Ա
Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ֆրանսիան իր այդ քայլով ճանապարհ է բացում, որպեսզի Թուրքիան ուղղի իր պատմության սխալները։ 2012թ. հունվարի 23–ի քվեարկությունը մեզ հիշեցնում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձութունը, երբ ֆրանսիական նավատորմը փրկեց հայերին և նրանց Լիբանան հասցրեց՝ այդպիսով թույլ չտալով, որ նրանք արժանանան իրենց եղբայրների և քույրերի ճակատագրին։ Քվեարկությունը ցույց տվեց, որ Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքներին»։
Հայտարարության տեքստում նշվում է նաև, որ «պատմական այդ քվեարկության միջոցով Ֆրանսիան Թուրքիային օգնում է միանալ այնպիսի խիզախ երկրների, ինչպիսիք են՝ Հրեաների ցեղասպանությունը (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) ճանաչած Գերմանիան, 1995թ. Սրեբրենիցայում բոսնիացիների ցեղասպանությունն ընդունած Սերբիան, ինչպես նաև աբորիգենների ցեղասպանությունն ընդունած Կանադան։
Հայտարարության վերջում Արամ Առաջինն ընդգծել է, որ վերոնշյալ օրինագիծը ևս մեկ հնարավորություն է տալիս Թուրքիային, որպեսզի նա հրաժարվի ժխտողականության քաղաքականությունից, դադարի մարդու իրավունքներին հավատարիմ երկրներին «անպատասխանատու» անվանել, պատմության սխալների շտկմանն ուղղված համարձակ քայլեր ձեռնարկի և վերջապես «անցնի փոխհատուցման գործընթացին»։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Օրինագիծն այժմ պետք է ներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։









