Արթուր Բաղդասարյանն ընդունել է «Ռոսսելխոզբանկի» պատվիրակությանը

14:12 • 24.01.12

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` «Ռոսսելխոզբանկի» պատվիրակությանը:

Ըստ ԱԱԽ հաղորդագրության` բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորությամբ պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, և այս համատեքստում ընդգծվել է գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման խթանման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի Հանրապետությունում բանկի ներկայացուցչության հիմնմանն առնչվող հարցեր: Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի Դաշնության ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը:

Բանկի խորհրդի նախագահը նշել է, որ այս ուղղությամբ առկա է մեծ փորձ, որի կիրառումը, Հայաստանում մեծապես կնպաստի երկու երկրների միջև այս և այլ ոլորտներում ֆինանսատնտեսական կապերի ամրապնդմանը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել է բանկի ներկայացվածությունը Հայաստանում և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ֆինանսավորման և ընդհանուր առմամբ ոլորտում ներդրումների և ֆինանսավորման ծավալների մեծացմանը: