«Կաստրացիայի մասին օրենքը» կքննարկվի առաջիկա քառօրյայում
Առաջիկա՝ փետրվարի 6-9-ի գարնանային նստաշրջանի և քառօրյայի օրակարգում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առավել հայտնի է ժողովրդական անվանումով՝ «կաստրացիայի մասին օրենք»:
Չնայած վերջնական տարբերակի նկատմամբ «սկզբունքային առարկություններ չկան» և գրությունը կցած կառավարությունը չի ընդդիմախոսել նախագծի հիմնական գաղափարախոսությանը՝ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարողների քիմիական կամ այլ եղանակով ամորձատմանը, այնուամենայնիվ, օրենքի նախագիծը մի քանի անգամ լրամշակվել է, իսկ սկզբնական փուլում քննարկվել է ԵՊՀ իրավաբանության ամբիոնի փորձագետների հետ համատեղ:
Նախագծի հեղինակի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը սեռական մոլագարներին «մեկուսացնելու» այս լուծումը մեկ տարի առաջ կիրառած Լեհաստանին հարցում է ուղարկել դրա հետևանքների և արդյունքների մասին, բայց պատասխան դեռ չկա:
Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար նախատեսված պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությամբ և Հայաստանում եղած նման դեպքերի տհաճ վիճակագրությամբ:
Այսպես. 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու փաստերի վերաբերյալ դատական 18 ակտերից միայն 3-ի դեպքում է որպես պատիժ նշանակվել օրենքով սահմանված ազատազրկումը, իսկ մնացած դեպքերում սահմանվել է ընդամենը տուգանք: Մյուս կողմից էլ ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով, որոնք վերաբերում են 2000-2010 թթ. ընթացքում ընդհանուր իրավասության դատարաններում քննված գործերի վիճակագրությանը, սեռական բնույթի հանցագործություններից այս տարիներին տուժել է շուրջ 100 անչափահաս: Սա միայն պաշտոնական տվյալներով:
Օրենքի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը Tert.am-ին հայտնեց, որ քիմիական ամորձատման կիրառումը երկու «ցենզով» է. առաջին անգամ այս հանցագործության համար դատարանի վճռով դատապարտված անձի համար այն հարկադիր բնույթ չի ունենա , այսինքն՝ նա կարող է հրաժարվել ներարկումից, իսկ կրկնվելու դեպքում այն կունենա հարկադիր բնույթ:
Նշենք, որ ներկայացված օրինագծով հանվել են առավել մեղմ՝ տուգանքի ձևով պատժատեսակները և զգալիորեն խստացվել է ազատազրկման պատժաչափը:
Մասնավորապես. «Անառակաբարո գործողությունները» հոդվածում կատարված փոփոխություններով չափահասի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը կպատժվի առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 14 տարին չլրացած անձի նկատմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Բնականաբար, 12 տարին չլրացած անձի նկատմամբ նման գործողությունների դեպքում պատիժն ամենախիստն է. ազատազրկում` երեքից յոթ տարի ժամկետով:









