Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության գերակա ուղղությունները
Հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարարությունում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության` այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:
Միջազգային ռազմական համագործակցության ոլորտում Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Դաշինքի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության գերակա ուղղություններին և դրանց օժանդակող ուղեցույցային փաստաթղթերին առնչվող հարցեր:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ ՅՈւ.Խաչատուրովի միջև հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը և անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:
Գեներալ-մայոր Կ.Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանի Հանրապետությանը հայտնեց խորին շնորհակալություն` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:
Ընդունելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:
ԳեներալԿ.Բրանկոն ծանոթացման այցով գտնվել նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես եկել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ:









