Փոխարտգործնախարար Հովակիմյանն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը
Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՆԱՏՕ Միջազգային ռազմական անձնակազմի Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ստորաբաժանման տնօրեն, գեներալ-մայոր Կառլոս Բրանկոին:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության` հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական են գնահատվել կողմերի գործընկերային հարաբերությունները Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի» շրջանակներում և կարևորվել է 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:
Քննարկվել են նոր ոլորտներում համագործակցության հնարավորությունները և փոխգործակցության արդյունավետության բարձրացման եղանակները:
Գեներալ-մայոր Բրանկոն, անդրադառնալով դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին գործընկեր երկրների ներգրավմանը, երախտագիտություն է հայտնել Հայաստանին Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցություն ունենալու համար:









