Սարկոզին կստորագրի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. Կիրո Մանոյան

13:10 • 24.01.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կստորագրի այդ երկրի Սենատի կողմից երեկ ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը և այն կմտնի ուժի մեջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս համոզմունքը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Օրինագծի ընդունումը Մանոյանը համարում է թե´ Հայաստանի, թե´ Ֆրանսիայի և թե´ ողջամիտ թուրքերի հաղթանակը:

«Երեկվա որոշումը քաղաքական մեծ հաջողություն էր: Ֆրանսիան թույլ չտվեց, որ Թուրքիայի սպառնալքներն ազդեն իր որոշումների վրա՝ չնայած մեծ ճնշումներին: Իսկ ողջամիտ թուրքերն արդեն սկսել էին խոսել նրա մասին, որ նման օրինագծեր անհրաժեշտ են որպեսզի թուրքերը ծանոթանան իրենց պատմությանը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա հույս հայտնեց, որ Ֆրանսիայի օրինակին կհետեևն Եվրամիության մյուս երկրները: Կիրո Մանոյանը համոզված է, որ Ֆրանսիան օրինագիծն ընդունեց ոչ միայն իր շահերից ելնելով:

«Արագ ընդունելու մեջ ընտրությունները և համայնքը իր դերակատարությունը ունեցան, բայց ամեն ինչ բացատրել միայն դրանով դա էլ ճիշտ չէ: Ինչպես որ երեկ հայտարարվեց Ֆրանսիայի Սենատում, Հայոց ցեղասպանության մասին օրենքը լիարժեք չէր, իսկ այս օրինագիծը այն ամբողջացրեց»- նշեց նա:

Մանոյանը վստահ է, որ օրինագծի ընդունումը ֆրանս–թուրքական հարաբերությունների վրա կազդի միայն ժամանակավորապես:

«Առաջիկա մի քանի շաբաթ կլինի հարաբերությունների սառեցում: Բայց Թուրքիան շատբան չի կարող անել: Տնտեսական սպառնալիքները այնքան չեն, որ Ֆրանսիան հետ կանգներ իր համար սկզբունքային հարցից»- ընդգծեց Մանոյանը` ավելացնելով, որ օրինագծի ընդունումը միայն քաղաքական հարց չէր: