Հայ երիտասարդներն իրենց շնորհակալությունը փոխանցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին (տեսանյութ)
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ այսօր տոնական տրամադրություն էր: Նախ տարբեր մարդիկ անցնելուց ծաղիկներ էին դրել դեսպանատան առաջ, այդպիսով իրենց շնորհակալությունը հայտնելով երեկվա ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:
Դեսպանատան մոտ էր նաև ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց. «Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում Ֆրանսիական ժողովրդին, և հույս ունենք, որ նման ակցիաներ շուտով կունենանք այլ դեսպանատների մոտ ևս»:
Ներկաներին ողջունելու դուրս եկավ նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, վերջինիս ընդառաջ եկավ Փառանձեմ Մայրիկը` ով առաջին որդի կորցրած ծնողներից մեկն է, դեսպանին գրկախառնվեց և հայտնեց շնորհակալություն:
Դեսպանտան մոտ էին նաև «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստները, ովքեր ներկաների հետ միասին վանկարկում էին «մերսի»:
Շնորհակալություն հայտնողների ձեռքերին կային պաստառներ «Կեցցե Ֆրանսիան», «Ֆրանսիան մեր բարեկամն է»,«Շնորհակալ ենք Ֆրանսիային» և այլ վերտառությամբ:
Այնուհետեև դեսպան Ռենոն նույնպես շնորհակալություն հայտնեց նման ուշադրության համար: Մի փոքր անց ակցիայի մասնակիցներին միացան ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները, ովքեր սկսեցին երգել հայրենասիրական երգեր` «Գինի լից», «Գետաշեն», «Զարթնիր Լաո» և այլն:
Ակցիայի ողջ ընթացքում հասարակական կարգը պահպանում էին ՀՀ ոստիկանության աշխատակիցները:









