Orange-ը գործարկում է մինչև 42 Մբ/վ արագության ցանց և Ինտերնետ Հիմա 4 մոդեմ

17:18 • 24.01.12

Այսօր Orange-ը հայտարարել է նոր սերնդի ինտերնետի առևտրային մեկնարկը Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում, և ներկայացրել նորագույն Ինտերնետ Հիմա 4 մոդեմը:

Նորագույն 3G+ ցանցը, որն ապահովում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն, թեստային ռեժիմով գործարկվել էր դեռևս երկու ամիս առաջ: Փորձարկմանը մասնակցել են նաև Orange-ի բաժանորդներ և բլոգերներ: Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս Ինտերնետ Հիմա 4 մոդեմով օգտվելու դեպքում բաժանորդին տեսականորեն հասանելի կլինի մինչև 21,1 Մբ/վ արագություն:

Նոր ցանցը և տեխնիկապես մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը թույլ են տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD (բարձր) որակով:

«Տեխնիկական փորձարկման շրջանը տևեց ուղիղ երկու ամիս, սակայն այն մեզ անհրաժեշտ էր` վստահ լինելու, որ մեր բաժանորդները մեծամասամբ կունենան գոհացուցիչ փորձառություն: Այսօր հպարտությամբ կիսում ենք բոլորի հետ մեր նոր նվաճումը»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որը տիրապետում է այս տեխնոլոգիային: Այն որակական նոր չափանիշ է երկրում և արտահայտում է մեր ցանկությունը`միշտ առաջարկել ամենանոր ու ամենավստահելի տեխնոլոգիան մեր բաժանորդներին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մենք ունենք բազմաթիվ բաժանորդներ, որոնք արդեն ունեն Ինտերնետ Հիմա բաժանորդագրություն: Չենք ցանկանում, որ նրանց թվա, թե շտապել են ձեռք բերել իրենց բաժանորդագրությունը: Նրանք կարող են իրենց ներկայիս Ինտերնետ Հիմա 7.2 Մբ/վ կամ Ինտերնետ Հիմա 14.4 Մբ/վ մոդեմը փոխարինել նոր և ավելի արագ` Ինտերնետ Հիմա 42.2 Մբ/վ MF 680 մոդեմով: Անհրաժեշտ կլինի պարզապես կնքել բhաժանորդագրությունը 1 տարով երկարացնելու պայմանագիր և դառնալ Ինտերնետ Հիմա 11.000 կամ 20.000 սակագնային պլանի բաժանորդ», ասել է Orange Արմենիայի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59 000 դրամով: Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի պաշտոնական վեբ կայքում` http://orangearmenia.am/internet/ :