Օրինագծի ընդունումը Թուրքիայի կողմից ֆուտբոլային դիվանագիտության տապալման արդյունքն է. Սերգեյ Մինասյան
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համարում է, որ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Թուրքիայի կողմից ֆուտբոլային դիվանագիտությունը տապալելու արդյունքն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ասաց, որ օրինագծի ընդունումը ֆրանսահայ համայնքի կատարած աշխատանքի, ինչպես նաև Ֆրանսիայի հասարակության տրամադրություների արտահայտման արդյունքն է: Այդ տրամադրությունները քաղաքագետը գնահատեց հակաիսլամական և խնդրեց չմոռանալ, որ Ֆրանսիան ժողովրդավարականերկիր է:
«Այս իրավական ակտով մենք ունենք մի իրավիճակ, որ նույն հարթության վրա են գտնվում և Հայոց ցեղասպանությունը, և Հրեական հոլոքոստը»,- ասաց նա:
Սերգեյ Մինասյանը զարմանալի չհամարեց այն դիտարկումը, թե Ֆրանսիայի որոշումը չափազանց մեծ նշանակություն կունենա Եվրոպայում: Ըստ նրա՝ գոյություն ունի միայն մեկ խնդիր. Թուրքիայի դեմ միակ լծակը ցեղասպանության խնդիրն է:
«Ելնելով նրանից, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան նյարդայնանում է, հասկանալի է դառնում, որ սա չափազանց էֆեկտիվ ռեսուրս է»,- ասաց նա:
Անդրադառնալով օրինագծի ազդեցությանը հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ նա նկատեց, որ ապագայում գուցե ունենանք ավելի բարդ իրավիճակ: Սակայն նրա համոզմամբ դա կլինի կարճաժամկետ. երկարաժամկետ առումով կմնան եղած նույն` ավելի կարևոր խնդիրները:
Սերգեյ Մինասյանը համոզված է, որ Թուրքիայում գալիս են այն եզրակացության, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը կանխելու առումով քաղաքական շանտաժներն այլևս չեն գործում:
«Եթե շարունակվի այս քաղաքականությունը, չեմ զարմանա, որ Ֆրանսիան այլ գործընթացներ նույնպես առաջ քաշի, մինչև Թուրքիան Հայաստանի հետ (հարաբերությունները) բարելավելու գործում այս փաստարկը չհանի»,- ասաց նա:
Մինասյանի համոզմամբ` օրինագծի վավերացումը պայմանավորված չէ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություների հետ, ինչպես պնդում է թուրքական կողմը. «Չեմ հիշում մի դեպք, երբ և´ իշխող կուսակցությունը սատարի օրինագծին, և´ ընդդիմադիր կուսակցությունը, ինչպես այս դեպքում էր»:
Քաղաքագետը պարզաբանեց, որ օրինագծի վերջնական ընդունումը նշանակում է, որ այսուհետ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում, կամ 45.000 եվրո տուգանք է սպասվում, որը կսահմանվի ելնելով մամուլի հրապարակումներից:









