Ադրբեջանցիները գալիս են պետության կողմից առաջադրանքեր ստացած. Հայ քաղաքագետ
Ադրբեջանի և Հայաստանի մշակութային գործիչների և գիտության ներկայացուցիչների հանդիպումները երբեմն արդյունք տալիս են, բայց ոչ միշտ են օգտակար ավարտ ունենում, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն՝ անդրադառնալով երեկ Սոչիում կայացած Հայաստան- Ադրբեջան - Ռուսաստան եռակողմ հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանի և Ալիևի համատեղ հայտարարությանը:
«Նրանք, որպես կանոն, այն աստիճան են ներծծված իրենց քաղաքական գաղափարախոսության կլիշեներով, որ հանդիպումները հաճախ վերածվում են վեճերի»,- ասաց նա:
«Ադրբեջանցիները գալիս են պետության կողմից առաջադրանքեր ստացած: Նրանց, ովքեր հնարավոր է՝ անկեղծ խոսեին, թույլ չի տրվում մասնակցել այդ հանդիպումներին: Իսկ մենք գնում ենք ու ազատ խոսում»,- ընդգծեց նա` ացելացնելով, որ, այնուամենայնիվ, այն կարծիքի է, որ նման հանդիպումները պետք են:
Հիշեցնենք, որ հայտարարությունում ընդգծվում էր երկու երկրների մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսություն հաստատելու գաղափարին նպաստելու` պետության ղեկավարների ցանկությունը:
Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության և գիտության գործիչներին Մանսյանըխորհուրդ է տալիս նման հանդիպումներից առաջ հաշվի առնել արդեն առկա փորձը և հնարավորինս լավ հետազոտել ոլորտը, քանի որ այս հանդիպումներում հնչած յուրաքանչյուր բառը կարևոր է:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը այս ոլորտում շփումներն անօգուտ է համարում, «քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր հայատյաց քաղաքականությունը»:
«Այդ հանդիպումները միայն հնարավորություն կտան մեզ մեր հարցերը միջազգայնացնել, այսինքն՝ լրացուցիչ հնարավորություն՝ մեր խնդրի մասին տարածվելու , բայց դրանք պաշտոնական քաղաքական արդյունք չեն տա»- ասաց Նարեկ Գալստյանը:









