Շարմազանովը «Բանգլադեշի Համիկին» չի ճանաչում
Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը չի ճանաչում «Բանգլադեշցի Համիկ» մականունով ՀՀ քաղաքացուն:
«Համիկն ով ա, չեմ ճանաչում»,- ասաց Շարմազանովը ի պատասխան հարցի, թե պատահականությու ՞ն է, որ կալանավորվում է հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորի համարում ունեցող «Բանգլադեշցի Համոն»:
ՀՀԿ մամուլի խոսնակը նաև ասաց, որ «Բանգլադեշցի Համոն» իր համար քաղաքական կատեգորիա չէ»:
Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ թմրանյութի կասկածանքով ԲՀԿ-ականների ձերբակալության և կալանավորման դեպքերին, ապա ըստ Էդուարդ Շարմազանովի, հանցագործությունները ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ:
Անդրադառնալով ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու բազմաթիվ, այդ թվում՝ կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկ-հայտարարություններին՝ Շարմազանովը հիշեցրեց, որ նոր Ընտրական Օրենսգիրքը կոալիցիոն փաստաթուղթ է:
Այսինքն՝ այն ոչ միայն հավանության է արժանացել, այլ մշակվել է կոալիցիոն այլ ուժերի կողմից:
«Ազնիվ չեն այն մարդիկ, ովքեր խոսում են ամբողջությամբ համամասնականին անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ խորհրդարանական քննարկումների ժամանակ, բացառությամբ մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների ելույթների, ես նման առաջարկներ և ելույթներ չլսեցի»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Սիլվա Համբարձումյանի՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու հարց, ըստ Շարմազանովի, կուսակցությունում չի քննարկվել: Իսկ այս մասին որոշման դեպքում հասարակությունը կտեղեկանա:
Պատգամավորների՝ հայհոյելու երևույթին Էդուարդ Շարմազանովը վատ է վերաբերվում և կողմանակից է, որ ապագա խորհրդարանում լինեն ավելի շատ գրագետ մարդիկ:
ՀՀԿ մամուլի խոսնակն ավելացրեց, որ կուսակցությունում դեռ որոշում չկա այն մասին, թե ով է գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակը: Սակայն մի բան Շարմազանովը հստակ կարող է ասել. հանրապետականներին «ընտրությունների ժամանակ կգլխավորի Հանրապետության և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը»:









