Սիլվա Համբարձումյանը կառաջադրվի, կհաղթի Սյունիքի մարզպետին և կհրաժարվի իր մանդատից
Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռ չի անդամակցել ՀՀԿ-ին և այս շաբաթ ծանոթանալու է կուսակցության ծրագրին:
«Կանգ եմ առել երեք կուսակցությունների՝ «դաշնակների», ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի վրա: Այս շաբաթ կվերջացնեմ հանրապետականի ծրագիրը, հետո կանցնեմ մյուս կուսակցություններին»,-Tert.am-ին ասաց Սիլվա Համբարձումյանը:
Կին գործարարը, սակայն, հաստատեց, որ նպատակ ունի առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով: Իրեն տեսնում է երկու ընտրատեղամասերում՝ Երևանի Արաբկիր վարչական համայնք և Մեղրի:
Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը Սյունիքում, որտեղ ամենազոր է Սյունիքի մարզպետ և Սիլվա Համբարձումյանի հետ վերջերս անախորժություններ ունեցած Սուրեն Խաչատրյանը, կին գործարարը պատասխանեց. «Շատ հանգիստ, որովհետև ինքը ինձ Մեղրիում չի կարող խանգարել: Իրեն մեղրեցիները չեն սիրում»: Ավելացնելով, որ, առհասարակ, Սյունիքում էլ չեն սիրում՝ Սիլվա Համբարձումյանը տեղեկացրեց, որ շուրջ 4000 մեղրեցիներից աջակցող նամակներ է ստացել. «Իրենց ստորագրություններով, որ պատրաստ են իմ կողքին կանգնել»:
Իբրև հիմավորում ասածին, տիկին Համբարձումյանը նշեց, որ ավանդաբար Մեղրիից ընտրվում են մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն Սուրեն Խաչատրյանի հետ: Օրինակներից մեկը վերաբերվում էր ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանին:
Մեր այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Սյունիքի մարզպետի հետ իր հանրահայտ կոնֆլիկտը իր կողմից հրահրված չէր՝ ինչ-ինչ PR խնդիրներ լուծելու համար, Սիլվա Համբարձումյանն ասաց. «Անկեղծ ասած, ես քաղաքականություն մտնելու նպատակ չունեի, նախ, որովհետև Հայաստանում քիչ եմ լինում, բայց հետո որոշեցի մտնել, որպեսզի էդ մարդուն ապացուցեմ, որ իրեն չեն սիրում»:
Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ ինքն առաջիկայում կապացուցի, որ «առանց կոպեկ ծախսելու» հաղթելու է: Սակայն ամենակարևոր հայտարարությունը դեռ առջևում էր. «Ես կապացուցեմ, որ իրեն հաղթելու եմ և դրանից հետո կհրաժարվեմ իմ մանդատից»:
Ինչ վերաբերում է այսօրվա մամուլում եղած լուրերին, որ ինքը, հնարավոր է՝ առաջիկայում դառնա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, ապա Սիլվա Համբարձումյանը նախ բավականին անկեղծ զարմացավ ու ծիծաղեց, ապա ավելացրեց. «Ես արդեն մի թերթի՝ «Գործընթաց», դատի եմ տվել ու երբ այս թերթն իր «երգը կերգի» միգուցե մյուսներն էլ կհասկանան, որ չի կարելի նման ստահոդ բաներ գրել»:
Որպես լրացուցիր փաստարկ, որ նախարար չի ուզում դառնալ, Սիլվա Համբարձումյանն ավելացրեց.« Ավելի լավ է՝ ես իմ բիզնեսին չխանգարեմ, աշխատատեղեր բացեմ, քան գնամ, ժամերով նստեմ կաբինետներում»:
Կին գործարարը հավելեց, որ ցանկության դեպքում նախարար կարող էր դառնալ դեռ 90-ականներին:









