Իսպանիան իրանական նավթին փոխարինող է գտել
Սաուդյան Արաբիան խոստացել է լրացնել Իսպանիայի նավթի դեֆիցիտը: Երեկ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները, այդ թվում` Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալյոն, հաստատել են իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին որոշումը, որի համաձայն` եվրոպական երկրները կդադարեցնեն ներմուծել իրանական «սև ոսկին»:
«Սաուդյան Արաբիան նույնպես հետաքրքրված է, որ Իրանը դադարեցնի իր միջուկային ծրագիրը»,- Բրյուսելում նախարարների նիստից հետո հայտարարել է իսպանացի նախարարը:
Նրա խոսքով` Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո, իշխանություններն իրեն անձամբ են երաշխավորել «իրանական նավթը նույն գնով փոխարինելու հարցում»:
Իրանական նավթի ներմուծման ամենամեծ մասնաբաժինն ընկնում է Հունաստանին, Իտալիային, Իսպանիային:
Իրանը բազմիցս սպառնացել է, որ եթե Եվրամիությունը որոշի այնուամենայնիվ պատժամիջոցներ սահմանել իրանական նավթի արտահանման նկատմամբ, ապա Թեհրանը կփակի Պարսից և Օմանի ծոցերը միավորող Հորմուզի նեղուցը, որով կատարվում են համաշխարհային մատակարարումների մոտ 40 տոկոսը: Իսլամական Հանրապետությունը նաև քննադատել է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների որոշումը:









