Որքա ՞ն արժե ահաբեկչության կազմակերպումը

12:51 • 24.01.12

Քննիչները հաշվել են մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ տարվա հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման համար ծախսված մոտավոր գումարը: Ինչպես գրում է Коммерсантъ թերթը, այն արժեցել է 500. 000 ռուբլի:

Հետաքննության տվյալներով` ամենամեծ ծախսն ահաբեկիչների համար եղել է շարժական գույքի գնումը: Մեքենան նախատեսված էր հետախույզներ Ռուստամ Ալտեմիրովի և Զաուրբեկ Ամրիևի տեղաշարժման համար, որոնք պետք է ընտրեին պայթյունների համար «կատարյալ» վայր: Այդ ավտոմեքենայով ահաբեկչական խմբի ևս երկու անդամներ մոսկովյան ավտոկայանում դիմավորել են Ինգուշեթիայից ժամանող, ահաբեկչության անմիջական կատարողին` Մագոմեդ Եվլոևին:

Մայրաքաղաքային օդանավակայաններից ընտրվել է հենց «Դոմոդեդովո»-ն, քանի որ այստեղ, ըստ ավազակախմբի հետախույզների, իրավապահներն առավել անփույթ են վերաբերվել իրենց աշխատանքին` մարդկանց ստուգմանը:

Շատ գումար է ծախսվել նաև բջջային հեռախոսների ձեռքբերման և Մոսկվայում տուն վարձակալման համար:

Չնայած մեքենայի առկայությանը, 2011թվականի հունվարի 24-ին 21-ամյա Եվլոևն ահաբեկչության վայր է ժամանել տաքսիով: Հենց նրա հագուստի տակ է ամրացված եղել պայթուցիկ սարքը: Ի դեպ, պայթուցիկի պատրաստման համար ծախսված գումարը ներառված չէ նշված այս հաշվում:

Հիշեցնենք, որ օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհվել էր 37 մարդ, մոտ 180-ն էլ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Փետրվարի 8-ին կատարվածի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել արգելված «Իմարաթ Կավկազ»-ի առաջնորդ Դոկու Ումարովը: Կազմակերպիչներից ոմանք սպանվել են, ոմանք գտնվում են հետախուզման մեջ: