Սենատի ընդունած օրինագիծը՝ աշխարհի առաջատար հեռուստա- ընկերությունների առաջին էջերում (տեսանյութեր)
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
Միջազգային առաջատար բոլոր լրատվամիջոցները, այդ թվում և հեռուստաընկերությունները, իրենց առաջին էջերում անդրադարձել են վերոնշյալ օրինագծի ընդունմանը։
«Ֆրանսիա. Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն ընդունված է». օրինագծի ընդունմանը նման վերտառությամբ հոդվածով է անդրադառնում Euronews հեռուստաալիքը։ «Ֆրանսիայի Սենատը 7–ժամյա քննարկումներից հետո հավանություն տվեց երկրում ցեղասպանության ցանկացած դեպքի, այդ թվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին։ Օրինագծին կողմ քվեարկեց 127 սենատոր, դեմ՝ 86–ը,– գրում է հեռուստաալիքի կայքը և հավելում,– Թուրքիայում ավանդաբար ցավագին են արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին....։ Վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն արդեն զգուշացրել է, որ հնարավոր է՝ այլևս Ֆրանսիա ոտք չդնի։ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը նախընտրական նպատակներ է հետապնդում։ Ֆրանսիայում հայ համայնքի թիվը մոտ 600 000 է կազմում. համայնքի ներկայացուցիչները ցնծությամբ ընդունեցին Սենատում քվեարկության արդյունքները»,–եզրափակում է Euronews–ը։
Արաբական հեղինակավոր Aljazeera հեռուստաալիքի կայքն էլ գրում է. «Ֆրանսիայի Սենատն ընդունեց «ցեղասպանության» օրինագիծը: Այդ օրենքը պատիժ է նախատեսում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն, որ 1915թ. հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն է։ Քվեարկությունից հետո Թուրքիայի արտգործնախարը գրավոր հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում էր. «Մենք խստորեն դատապարտում ենք այդ որոշումը, որն անպատատասխանատվության օրինակ է։ Իսկ Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը հայտարարեց, որ օրինագիծը «մեծ անարդարություն է», որը ցույց տվեց Թուրքիայի հադեպ Ֆրանսիայի անհարգալից վերաբերմունքը»։
Aljazeera –ն զրուցել է նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ, որը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումը «շատ հզոր քայլ» է որակել։ «Դա մի դիրքրոշում է, որը վերջ կդնի ցեղասպանությունների շղթային»,–նշել է նա։
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն էլ մեջբերել է ֆրանսիացի սենատոր Հերվ Մարսելի այն խոսքերը, թե Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ նույն չափանիշները պետք է գործեն։ «Եթե մենք կասկածի տակ դնենք հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը,մեզ կպատժեն, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում նման պատիժ չկար: Այսպիսով, մենք չենք կարող իրավական պատիժ ունենալ դրանցից միայն մեկի համար. օրենքի առջև բոլորն են հավասար»։
Իսկ Russia Today հեռուստաալիքի պատրաստած տեսանյութում ասվում է. «Ֆրանսիայում Հոլոքոստը ժխտելն արդեն քրեորեն պատժելի է (45.000 եվրո տուգանք և մեկ տարի ազատազրկում), նույն պատիժը կիրառելի կլինի նաև Հայոց ցեղասպանության դեպքում»։ Հեռուստաալիքը ընդգծում է, որ օրինագիծն ընդունվեց՝ չնայած Թուրքիայի սպառնալիքներին։









