Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը չի կարողացել զսպել իր արցունքները

10:46 • 24.01.12

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցության պատգամավոր, այդ օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն չի կարողացել զսպել իր արցունքները։

Ինչպես գրում է թուրքական «Միլիեթ» պարբերականը, լրատվամիջոցների հետ զրույցում ֆրանսիացի խորհրդարանական Բուայեն հայտարարել է, որ շատ հպարտ է իր հեղինակած այդ օրինագծի համար:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):

Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։

Օրինագիծն այժմ պետք է ներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։