«Ժառանգությունը» վարչապետից պահանջում է չեղարկել Քաջարանի հանքի շահագործման որոշումը

16:52 • 24.01.12

«Ժառանգությունը» կուսակցությունը վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում է չեղյալ համարել կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը, որը նախատեսում է Քաջարանի մի շարք հողատարածքներ օգտագործել հանքահանության նպատակով:

«ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը 2011 թվականի աշնանից ՀՀ Սյունիքի մարզպետը փորձել է կյանքի կոչել, սակայն դա չի հաջողվել, քանի որ հողերի սեփականատերերը և լայն հասարակայնությունը կտրականապես դեմ են եղել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված ծրագրին»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Ըստ «Ժառանգության», ՀՀ կառավարության 627-Ն որոշումը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այն հայեցակարգը, թե որ հանքավայրերը ընդհանրապես չի կարելի շահագործել, որ հանքավայրերը պետք է պահպանվեն ապագա սերունդների համար, կամ առկա յուրաքանչյուր հանածո հարստությունից տարեկան ինչ քանակություն կարելի է օգտագործել, չկա նույն հանքատեսակի տարեկան օգտագործման չափաբաժնի սահմանումը:

«Հանքահանությունը օգտակար ու տանելի է իր չափի մեջ: Խորհրդային տարիներին Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործվում էր տարեկան 7-8 մլն տոննա ծավալով, սակայն այժմ ցանկանում են տարեկան օգտագործել մինչև 50 մլն տոննա հանքաքար, երբ տասնամյակներ առաջ ծրագրվել էր այդ հանքավայրը շահագործել 300-350 տարիների ընթացքում:

Հաշվի առնելով ոչ միայն վերը թվարկվածը, այլ նաև այն, որ ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումն ընդունվել է միջազգային նորմերի և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ` պահանջում ենք անհապաղ անվավեր ճանաչել այդ որոշումը»,- ասվում է հաղորդագրությունում: