Կարգախոս գրեք, ծրագրային դրույթն ի՞նչ եք անում. Ահարոն Ադիբեկյանի խորհուրդը կուսակցություններին

15:41 • 25.01.12

Ահարոն Ադիբեկյանը կուսակցություններին խորհուրդ է տալիս ուշադրությունը սևեռել նախընտրական կարգախոսների վրա, իսկ ծրագրային դրույթների վրա շատ ժամանակ, փող և այլ ռեսուրսներ չվատնել, որովհետև մեր ընտրողներն, ըստ նրա, ծրագրային դրույթներով գրեթե չեն առաջնորդվում:

«Մեր ընտրողների 15 տոկոսն է ծրագիր կարդում, իսկ նրանցից միայն 5 տոկոսն է քվեարկության ժամանակ դրանցով առաջնորդվում»,- Tert.am-ին ասաց Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիների հիմնական մասը կողմորոշվում է երկու գործոնով՝ քաղաքական ուժերի կարգախոսներով և կուսակցությունների դեմքերին հավատալով կամ չհավատալով:

«Մի բան էլ, նրանք, ովքեր համեմատաբար կայուն վիճակում են, ունեն աշխատանք և որոշակի բարեկեցություն ,ընտրությունը կատարում են իշխանական ուժերի միջև, իսկ ովքեր չունեն և դեռևս չեն արտագաղթել, մտնում են ընդդիմադիր դաշտ և ուզում են իշխանափոխություն»,-ասաց:

Եվս մեկ ուշագրավ նորություն.պարզվում է, որ մեր ընտրողները բացարձակապես ուշադրություն չեն դարձնում քաղաքական ուժերի կամ պատգամավորների խոստումների կատարված-չկատարված լինելուն: