Թուրքիայի այսօրվա պահվածքը դեժավյուի էֆեկտ է առաջացնում. թուրքագետ
Թուրքիայի այսօրվա պահվածքը դեժավյուի էֆեկտ է առաջացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց, որ այս երկիրը նույն քաղաքականությունն էր վարում, երբ Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը:
«Օրինագծի ընդունումը աննախադեպ էր այն իմաստով, որ, չնայած Թուրքիայի կողմից սարսափելի ճնշմանը, Ֆրանսիայի Սենատը դիմակայեց և ընդունեց օրինագիծը: Մի քանի անգամ ականատես ենք եղել, որ Թուրքիան իր լծակները օգտագործելով տարբեր երկրներում կանխել է Հայոց ցեղասպանության ընդունումը»,-ասաց թուրքագետը:
Նրա խոսքերով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը իր ազդեցությունը ունի Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ:
«Տարբեր թուրքական կուսակցություններ, ինչպես նաև ողջամիտ մարդիկ, օգտագործելով օրինագծի ընդունման փաստը, սուր քննադատության ենթարկեցին իշխանությանը: Հայոց ցեղասպանության ընդունումը վիրավորանք չէ թուրք ժողովրդին: Դա մի երևույթ է, որը նախաձեռնել է պետությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը նշում են, որ օրինագծի ընդունումը Թուրքիային պետք է մտածելու տեղիք տա և վերջինս հասկանա, որ այլևս հնարավոր չէ չանդրդառնալ Հայոց ցեղասպանությանը:
«Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա՝ շանտաժով հնարավոր չէ հասնել արդյունքի»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը:









