«Հայաստան» հանրախանութի դռները կնքված են. նոր սեփականատերն է «Ամերիաբանկը»

18:05 • 25.01.12


Այսօր փակվել է Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող և «Հայրապետյան եղբայրներ-Հ.Ա» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան Հանրախանութը»:

Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաև «Ամերիաբանկի» ներկայացուցիչներ այսօր այցելել են հանրախանութ, և դուրս հանել վարձակալությամբ այնտեղ առևտուր իրականացնող անձանց:

Tert.am-ի այցելության պահին նշված ընկերությանը պատկանող «Nokia» խանութում կային ոստիկաններ և քաղաքացիական համազգեստով այլ անձինք:

Թեև հանրախանութը չի գործում, նույն ընկերությանը պատկանող սուպերմարկետն աշխատում էր: Լիլիթ անունով աշխատակցուհին, ով ներկայացավ որպես մենեջեր, տեղեկացրեց, որ տնօրինությունից ոչ ոք տեղում չէ, իսկ ինքը իրավասու չէ որևէ հարցի պատասխանել:
Ընկերությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում, թե ինչ է կատարվում:

Նշենք, որ վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, ըստ որոնց, հանրախանութը գրավի դիմաց պետք հանձնվի «Ամերիաբանկին»: Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը տեղեկացել էր, որ մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» հանրախանութ և ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն, նրանք պարտավոր էին կաʹմ մինչև հունվարի 24-ը լքել տարածքը, կաʹմ բանկի հետ նոր պայմանագիր կնքել՝ հետագա գործունեությունը շարունակելու համար:

Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը թերթի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, և որևէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել:

Ավելի ուշ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հաղորդագրություն տարածեց` հաստատելով, որ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնքի Հր. Քոչարի փողոց թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը («Հայաստան» հանրախութի հասցեն) օրենքով սահմանված կարգով անցել է բանկի սեփականությանը` բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով:

Հաղորդագրության կից բանկը ներկայացրել էր նաև սեփականության իրավունքի համապատասխան էջի լուսապատճենը, որը հավաստում է, որ բանկը հանդիսանում է նշված գույքի սեփականատերը 2011թ. դեկտեմբերի 16-ից:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ «Ամերիաբանկ»-ը ծանուցում է տրամադրել նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել:

«Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որևէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առևտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր»,- ասվում է հաղորդագրությունում: