Գյումրիում Սարկոզի է ծնվել. ախուրիկցի զույգն այդպես է շնորհակալություն հայտնում Ֆրանսիային

19:16 • 25.01.12

Այսօր Գյումրիի ծննդատանը ժամը 14:30-ի սահմաններում Ախուրիկի բնակչուհին տղա է լույս աշխարհ բերել, որին ծնողները Սարկոզի են անվանել` այդպիսով իրենց շնորհակալությունը հայտնելով Ֆրանսիային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:

Ախուրիկցի զույգը, որի առաջնեկն է երեխան, մտածել են, որ եթե երեխային կոչեն Նիկոլա, շատերը չեն հասկանա, որ նկատի ունեն Ֆրանիսայի նախագահին, այդ պատճառով էլ կոչեն են Սարկոզի:

Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան ծնվել է 3 կգ. քաշով, 50 սմ. հասակով: Նրա խոսքով` երեխային կկոչեն Ավետիսյան Սարկոզի Կարապետի:

«Ես հոր հետ եմ խոսել, ասաց, որ մտադիր են եղել երեխային պապի անունով կոչել, սակայն հայրն ասել է, որ ինքը հեռոսստատեսությամբ հետևել է Ֆրանսիայի Սենատում օրինագծի քննարկման ամբողջ ընթացին ու երբ այն ընդունվել է, այնքան է ուրախացել, որ մտածել է երեխային անվանակոչելով կկարողանա այդպիսով արտահայտել իր շնորհակալությունը»,- պատմեց ծննդատան տնօրենը:

Արմեն Իսահակյանի խոսքով` փոքրիկ Սարկոզիի լույս աշխարհ գալու կապակցությամբ իրենց անձնակազմը շատ է ուրախացել և նվերներ է արել երեխային: Ըստ նրա`երեխայի ծնողներին այս առիթով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև «Հայաստանի հանրապետական կուսակցությունը», Սուքիաս Ավետիսյանի գրասենյակից:

Նորածնի մայրը` Նառա Քոչարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այնքան էլ լավ չի զգացել իրեն, և երեխային Սարկոզի կոչելու որոշումն ընդունել է ամուսինը: Նորածնի մայրը, սակայն, գոհ է ամուսնու որոշումից:

Մեր հարցին, թե գյումրեցիներն ինչպես կընդունեն «Սարկոզի» անունը, կամ ինչպես կկոչեն փոքրիկին, Նառան Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ինքն իրեն շատ ավելի լավ կզգա, երբ մեծանա ու իմանա, որ հանրահայտ մարդու անուն է կրում»: