Փորձագետները պահանջում են հոգեբուժարան տեղափոխել Բրեյվիկին

20:15 • 25.01.12

Հոգեբանության ոլորտի երկու փորձագետներ, որոնք զբաղվում են 2011-ի հուլիսին Նորվեգիայում կրկնակի ահաբեկչություն իրականացրած Անդրես Բրեյվիկի հոգեկան առողջության փորձաքննությամբ, պնդում են, որ նրան հարկավոր է ժամանակավորապես հոգեբուժարան ուղարկել` բուժզննման համար, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով Օսլոյից ստացված դատական նյութերը:
Բժիշկներն առաջարկում են Բրեյվիկին առանձին հիվանդասենյակում պահել, որպեսզի հնարավորինս լավագույն արդյունքներ ստացվեն:
Հավանական է, որ 32-ամյա Բրեյվիկին հոգեբուժարան տանեն 3-4 շաբաթ ժամանակով: Հոսպիտալացման ամենահավանական վայրը Օսլոյի Դիկեմարկ հաստատությունն է, որտեղ բուժում են ստանում Նորվեգիայի ամենից վտանգավոր հիվանդները:
Բրեյվիկի հոսպիտալացման հետ կապված վերջնական վճիռ դատարանը կկայացնի հաջորդ շաբաթ:
Անցած տարվա նոյեմբերին հոգեբաններ Սյուննե Սերհեյմը և Թուրգեյր Հուսբյուն, 13 զրույց ունենալով Բրեյվիկի հետ, ինչպես նաև հանդիպելով նրա հարազատներին ընկերներին, ուսումնասիրելով նրա կենսագրությունը, հանգել էին եզրակացության, որի համաձայն Բրեյվիկն անմեղսունակ է և չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել:
Այս ենթադրությունը հետագայում հաստատել էր նաև հատուկ դատա-բժշկական հանձնաժողովը, սակայն «նորվեգացի դիպուկահարի» զոհերին ներկայացնող մասնագետները վրդովմունքով էին մոտեցել այն եզրակացությանը, ըստ որի Բրեյվիկը տառապում է պարանոիդալ շիզոֆրենիայից: Կան մասնագետներ, որոնք նրան առողջ են համարում:
Անցած տարվա հուլիսի 22-ին Նորվեգիայում Բրեյվիկի զոհն էին դարձել 77 հոգի: Այն ժամանակ Բրեյվիկն անմիջապես խոստովանել էր, սակայն մինչ օրս հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչել: Առաջիկայում դատական կարգով այդ և այլ հարցեր իրենց պատասխանները կստանան այս տարվա ապրիլի 16-ից` Բրեյվիկի գործով դատավարության մեկնարկից: