Մեկնարկում է Դավոսի համաժողովը. գլխավոր թեման Եվրագոտու պարտքային ճգնաժամն է
Շվեյցարիայի Դավոս լեռնային հանգստավայրում աշխատանքներն է սկսում Համաշխարհային տնտեսական 42-րդ համաժողովը: Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Եվրոպայում պարտքային ճգնաժամը և կապիտալիզմի ապագան:
Ըստ կազմակերպիչների` հունվարի 25-29-ն անցկացվող համաժողովի ընթացքում կքննարկվեն չորս հիմնական արդիական խնդիրներ` տնտեսական աճի և զբաղվածության, առաջնորդության ու նորարարության, կայունության և ռեսուրսների օգտագործման, սոցիալական ու տեխնոլոգիական մոդելները: Համաժողովի հիմնական թեման է` «Մեծ փոխակերպում. նոր մոդելների ձևավորում»:
Այն կբացի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը (նախորդ տարի բացման խոսքով է հանդես եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը): «Երկաթյա կնոջ» ճառը նվիրված կլինի ճգնաժամի դեմ պայքարին: Նա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ մշակում է եվրագոտում պարտքային ճգնաժամի դեմ պայքարի ծրագիր:
Համաժողովի տրամադրվածությունը «խամրեցնում» են առաջատար վերլուծաբանները, որոնք նշում են, որ բիզնեսի ու երկրների կառավարությունների հանդեպ հասարակությունների վստահությունը նվազել է: Մտավախություններն առավել սրում են Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները: Ըստ հիմնադրամի փորձագետների` համաշխարհային տնտեսությունը կրկին մտել է «վտանգավոր գոտի»:
Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն մոտ 2. 600 քաղաքական գործիչներ ու գործարարներ, որոնց թվում` ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդը և Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը:
Փորձագետները դավոսյան համաժողովից հստակ լուծումներ չեն ակնկալում, միևնույն ժամանակ նշում են, որ շատ հաճախ բանավեճերը կարող են որոշել աշխարհում առաջիկա շաբաթների, նաև` ամիսների տրամադրվածությունները:
Դավոսի համաժողովը գործարարներին ընձեռում է միմյանց հանդիպելու և բիզնեսի զարգացման քայլեր մշակելու մեծ հնարավորություն:









