Հայ–թուրքական հարաբերություններն ավելի կարևոր են, քան ընդունված օրինագիծը. Euronews (տեսանյութ)

14:48 • 25.01.12

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Ֆրանսիայի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել։

Ակցիային անդրադարձել է նաև Euronews հեռուստաալիքը։ «Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա անցկացնող թուրքերին զայրացրել է «ցեղասպանության մասին օրինագծի» ընդունումը։ Ակցիայի կարգախոսներից մեկը, նույնիսկ, այսպիսին էր՝ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կայսերական սուտն է»,–գրում է հեռուստաալիքի անգլիական ծառայության կայքը։

Հեռուստաալիքի թղթակիցն ընդգծում է, որ Թուրքիայում մոտ 70 000 էթնիկ հայ է ապրում, որոնք այս պահին ոչ դյուրին իրավիճակում են հայտնվել։ «Նրանց արձագանքն ավելի զուսպ էր, քան այն հայերինը , որոնք Երևանի փողոցներ էին (Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ երեկ Երևանում ակցիաներ են տեղի ունեցել) դուրս եկել։

Euronews–ի հետ զրույցում Թուրքիայում հրատարակվող հայալեզու «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանն ասել է, թե վերջին օրերի «իրադարձությունները» մտահոգել է Թուրքիայում ապրող հայերին, քանի որ դրանից հնարավոր է՝ տուժեն հայ–թուրքական հարաբերությունները։

«Ֆրանսիան միջազգային դիվանագիտական հարցերում շատ կարևոր խաղորդ է, Սենատի կողմից ընդունված որոշումը, սակայն, անուղղակի գործոն է։ Ընդունված որոշումը որևէ բան չի փոխում հայ–թուրքական հարաբերություններում, քանի որ այդ հարցը Թուրքիայի և Հայաստանի հարցն է, և այն պետք է թուրքերն ու հայերը լուծեն»,–ասել է Գոչունյանը։

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):

Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։

Օրինագիծն այժմ պետք է ներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։