«Հերթապահ մասի» օգնությամբ տուգանվել է ավելի քան 250 վարորդ, մեծ մասը՝ «գոլդ» համարանիշներով մեքենաների (տեսանյութ)
Նախորդ տարվա նոյեմբերի կեսից մինչ օրս ընկած ժամանակահատվածում «Արմենիա» հեռուստաընկերության «Հերթապահ մաս» հաղորդման տեսախցիկի արձանագրումների շնորհիվ տուգանվել է ավելի քան 250 վարորդ` երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանության լրատվության բաժինն արձանագրված խախտումները ուղարկում է Ճանապարհատրանսպորտային ոստիկանության համապատասխան բաժին:
Ահարոնյանը շեշտեց, որ տեսախցիկի թիրախ են դառնում մեծամասամբ «գոլդ» համարներով մեքենաները, իսկ խորհրդային մակնիշի մեքենաները հազվադեպ են հաղորդման «հերոս» դառնում։ Մեքենաների վարորդների շարքում քիչ չեն նաև լայն հասարակությանը հայտնի անձինք։
Մեր այն հարցին, թե արդյոք նույն մոտեցումը կիրառվում է նաև բարձր պաշտոնյաների նկատմամբ՝ Ահարոնյանը դրական պատասխան տվեց։ «Այս ընթացքում մեր հաղորդման ուշադրության կենտրոնում հայտնվել են երթևեկության կանոնները խախտած բարձր պաշտոնյաների, և ինչո՞ւ ոչ՝ նաև իրավապահներից շատ-շատերի մեքենաները»,-ասաց Ահարոնյանը: Վերջինս օրինակ բերեց, որ հենց հաղորդման շնորհիվ այսօր Թումանյան փողոցը համեմատաբար բեռնաթափվել է, և վարորդները ճիշտ տեղերում են կայանում մեքենաները:
Ոստիկանությունից հիշեցնում են, որ հաղորդման հետ կարող են համագործակցել հասարակ քաղաքացիները` ուղարկելով իրենց կողմից արձանագրված խախտումների լուսանկարները կամ տեսագրությունները: Սակայն պարզվում է՝ համագործակցությունը դեռ չի կայանում, քանի որ համապատասխան լուսանկարներ քաղաքացիներից առ ասյօր չեն ստացվել:
Հիշեցնենք, որ այս կապակցությամբ մամուլը գրել էր, որ նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զարկ է տալիս «Երե one» նախագծի հայտնի լորիսի նմանների ավելացմանը մեր հասարակությունում,ինչը, ըստ նույն մամուլի՝ առաջացրել էր Գասպարյանի անկեղծ ծիծաղը:
Տեսանյութը տրամադրել է Ոստիկանության լրատվության բաժինը









