Ռոման Սիմովիչը Երևանում է և կմասնակցի Երիտասարդական նվագախմբի համերգին
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը անակնակալ է պատրաստել դասական երաժշտության սիրահարների համար. վաղը նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կունենա համերգ, որին կմասնակցի նաև Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը:
Համերգը միակ անականկալը չի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ նվագախումբը թողարկել է իր անդրանիկ «Music is the answer» (Պատասխանը երաժշտությունն է) ձայնասկավառակը, («SONY-DADC» ձայնագրման ստուդիա):
Ձայնասկավառակի շնորհանդեսը կլինի համերգի շրջանակներում: Դիրիժորը նկատեց, որ ձայնասկավառակը նախատեսված է դուրս բերել նաև միջազգային շուկա և համապատասխանում է, բոլոր չափանիշերին:
Ըստ նրա՝ ձայնասկավառակում ընդգրկվել են Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, ինչպես նաև Էդուարդ Հայրապետյանի գործերից: Համերգային ծրագրում Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ կլինի փայլուն և հետաքրքիր ծրագիր, որի ընթացքում կլինի նաև պրեմիերա:
Ասուլիսին ներկա էր նաև Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, ով առաջին անգամ է Հայաստանում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Սիմովիչը խոստովանեց, որ իրեն ավելի շատ հոգեհարազատ են սոլո համերգները, որոնք կազմում են իր ստեղծագործական գործունեության գրեթե կեսը: Ռոման Սիմովիչը նաև հույս հայտնեց, որ այս այցը միակը չի լինի:
Ասուլիսից հետո ջութակահարը վարպետության դասեր անցկացրեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների հետ:
Ի դեպ, այսօր լրանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 6-ամյակը:









