Մեդվեդևը խոստացել է կրկին առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում

15:59 • 25.01.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ մարտյան ընտրությունների (մարտի 4-ին) յուրաքանչյուր արդյունքի դեպքում նա չի հեռանա քաղաքականությունից: «Ես չգիտեմ` ինչ կլինի մայիսին, ենթադրում եմ ամենատարբեր զարգացումներ: Եվ ինչ էլ որ ասեն, Պուտինը պետք է կրկին ընտրվի: Եթե դա նրան հաջողվի, հավանական է, որ ես դառնամ վարչապետ, եթե չհաջողվի, ես կշարունակեմ հանգիստ խղճով աշխատել ի շահ հայրենիքի, սակայն որտեղ` չգիտեմ», - ասել է Մեդվեդևը Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:

Նա վստահեցրել է ուսանողներին, որ քաղաքականությունից չի հեռանա: «Սա առաջին: Երկրորդը, չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց ես կրկին կառաջադրվեմ նախագահի պաշտոնում»,- ասել է ՌԴ նախագահը:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությանը, որը պարբերաբար հանրահավաքներ է անցկացնում ` պահանջելով չեղյալ հայտարարել արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ, ապա Մեդվեդևը նշել է, որ պատրաստ է հանդիպել յուրաքանչյուր ընդդիմության ներկայացուցչի հետ:

«Ես այս կյանքում ոչնչից չեմ վախենում հենց միայն այն բանի համար, որ նախագահ եմ: Ես կարող եմ բացատրվել ում հետ ասես, սակայն գնալ և բացատրվել հանրահավաքների ժամանակ, որոնք նվիրված են ընտրությունների արդյունքներին կամ ինչ- որ այլ բանի, չեմ անի: Եթե ինչ-որ մեկին պետք է ինձ բան ասել, ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ»,- ասել է նա:

Ռուս- վրացական հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան` նախագահն ասել է, որ Մոսկվան սկզբունքորեն պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի հետ, սակայն միայն Վրաստանի իշխանությունների փոխման դեպքում: «Կա ընդամենը մեկ մարդ, որի հետ ես չէի ցանկանա գործ ունենալ: Ում մասին որ ես խոսում եմ, բոլորդ կռահում եք`  ում մասին է խոսքը, նրա հետ ոչ հանդիպել կուզենայի, ոչ ձեռք մեկնել նրան»,- ընդգծել է Մեդվեդևը: