Ամերիկյան առաջնորդության վերածնունդը զգացվում է աշխարհի բոլոր անկյուններում. Օբամա
Համաշխարհային մակարդակում Միացյալ Նահանգների ազդեցության թուլության մասին լուրերն անհիմն են: «Երկրում իրավիճակի» մասին Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարել է նախագահ Բարաք Օբաման: Նա վստահեցրել է, որ «ամերիկյան առաջնորդության վերածնունդը զգացվում է աշխարհի բոլոր անկյուններում»:
«Եվրոպայում և Ասիայում մեր հին դաշինքները երբեք այսքան ամուր չեն եղել: Մենք հստակ հասկացնել ենք տվել, որ Ամերիկան խաղաղօվկիանոսյան տերություն է»,- հայտարարել է Օբաման: Նրա խոսքով` «բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, թե Ամերիկան անկում է ապրում, որ մեր ազդեցությունն ընկել է, չգիտեն ինչ են խոսում»:
Չի շրջանցվել նաև նավթային թեման: ԱՄՆ նախագահը կարգադրել է թույլատրել հորատման աշխատանքներ սկսել ամերիկյան շելֆի նավթային ու գազային հանքավայրերի ավելի քան 75%-ում: Նախագահի խոսքով` այս քայլը թույլ կտա նվազեցնել ԱՄՆ-ի կախվածությունն օտար էներգառեսուրսներից ու ավելացնել աշխատատեղերի թիվը:
Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 23-ին Բրյուսելում կայացած նիստում հաստատել են իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին որոշումը: Այս որոշմանն աջակցում է ԱՄՆ-ն: Իրանն իր հերթին դատապարտել է ԵՄ այս քայլը և սպառնացել փակել Հորմուզի նեղուցը, որով կատարվում են նավթի համաշխարհային մատակարարումների մինչև 40 տոկոսը:









