Նախագահ դառնալու համար կպայքարի նաև Պրոխորովը. ԿԸՀ–ը գրանցել է նրա թեկնածությունը

19:45 • 25.01.12

Ռուս հայտնի ձեռնարկատեր Միխայիլ Պրոխորովը գրանցվել է  որպես նախագահի թեկնածու։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նման որոշում այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ընդունել ու նրան հանձնել գրացնման վկայականը։

Այսպիսով Պրոխորովը դարձավ Ռուսաստանում մարտի 4–ին կայանալիք նախագահական ընտրությունների 5–րդ «պաշտոնական մասնակիցը»։ Ավելի վաղ որպես նախագահի թեկնածու գրանցվել էին Ռուսաստանի գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը (առաջադրվել է իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վադիմիր Ժիրինովսկին։

Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն Պրոխորովը հայտնել էր դեկտեմբերի 12–ին, իսկ հունվարի 18–ին, ի պաշտպանություն իր թեկնածության, 2 միլիոնից ավելի ստորագրություն ներկայացրել  Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Քվեաթերթիկներում 46–ամյա Պրորոխորովը լինելու է միակ ինքնառաջադրված թեկնածուն։ Ի դեպ, վերոնշյալ մյուս թեկնածուներն առաջադրվել են խորհրդարանական կուսակցությունների կողմից և օրենքով ազատվել էին ի պաշտպանություն իրենց թեկնածության ստորագրություն ներկայացնելու պահանջից։

Նշենք, որ թեկնածուների գրանցման գործընթացը դեռևս չի ավարտվել։ ԿԸՀ-ը դեռևս պետք է քննարկի «Յաբլոկո» կուսակցության համահիմնադիր Գրիգորի Յավլինսկիի և Իրկուտսկի նահանգապետ Դմիտրի Մեզենցևի թեկնածությունների գրանցման հարցը (նրանց ներկայացրած ստորագրահավաքի թերթիկներում մեծ թվով անճշտություններ են  հայտնաբերվել):