4000 դրամից էժան խավիար մի´ գնեք, խորհուրդ է տալիս «Հայաստանի սպառողների միության» նախագահը
Տեղական շուկայում վաճառքի են հանված զարմանալի ցածր գնով սև և կարմիր խավիարներ, որոնց 100 գրամանոց փոքր տուփերի գինը երբեմն հասնում է 1800 դրամի:
«Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը տվյալներ, ինչպես ներքին համոզմունք ունի, որ այդ խավիարը կեղծված է:
«Էսպես. դոկումենտալ տվյալներ չունենք, սակայն ասեմ, որ ոմանց «ճարպկությունը» սահման չունի: Մենք ժամանակին ստուգել ենք և հայտնաբերել, որ կան ժամանակակից տեխնոլոգիական սարքեր, որոնք տարբեր նյութերից են և ոչ մի կապ չունեն ձկան հետ, ստանում են խավիար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ձկնկիթի «հենքը», իհարկե, օրգանական է, այսինքն՝ վնասակար չէ, բայց ոչ մի կապ չունի խավիարի հետ:
Արմեն Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ որոշ դեպքերում տեղական ձկան խավիարին գույն է տրվում և ներկայացվում է իբրև սև խավիար: Այդ իսկ պատճառով, սպառողների իրավունքների պաշտպանը խորհուրդ է տալիս գնել խավիար, որի գինը 4000 դրամից պակաս չլինի:
«Ամենազարհուրելին այն է, որ մարդիկ, իրենցից կտրելով՝ վերջին կոպեկներով իրենց երեխայի համար այս օգտակար սնունդը գնում են, բայց չգիտեն էլ, որ դա ձկնկիթ չէ»,-մեկնաբանեց Արմեն Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ սննդի այլ տեսակները, որպես կանոն, չեն կեղծվում. «Չեն կեղծում, որովհետև իմաստ չունի, խավիարի դեպքում իրավիճակն այլ է, որովհետև ամբողջ աշխարհում այն թանկ սննդամթերք է»:
Փոխարենը, ըստ նրա, կոսմետիկ, հիգիենիկ միջոցների և պարագաների, դեղորայքի և տարատեսակ բրենդային ապրանքների կեղծումը միանգամայն ձեռնտու է զեղծարարներին:
Նրա խոսքով` հայաստանյան շուկայում անմխթար են ատամի մածուկի վերաբերյալ տվյալները:
«Մածուկների վրա միշտ ճոխ-ճոխ բաներ են գրում, բայց շատ քչերը Հայաստանում գիտեն, որ ատամի մածուկի որակի չափման կարևորագույն չափանիշներից մեկը մածուկի՝ ատամի էմալի վրա ներազդելն է՝ տաշելն է: Որքան քիչ է այդ «տաշելիությունը», այնքան մածուկը որակով է»,- բացատրեց Արմեն Պողոսյանը` ավելացնելով, որ «տաշելիության» ցածր ցուցանիշով ատամի մածուկները պետք է վաճառվեն ոչ թե 600-700, այլ` առնվազն 6000 դրամով։









