Միկ Ջագերը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ թեյ խմել
The Rolling Stones խմբի հիմնադիր Միկ Ջագերը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվելիք Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կազմակերպած թեյի արարողությանը:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, այն մասին, որ Ջագերը կմասնակցի արարողությանը` դրանով իր աջակցությունը հայտնելով Պահպանողական կուսակցությանը, հունվարի 24-ին գրել էին բոլոր բրիտանական թերթերը:
Երաժիշտը, հերքելով լուրերը, հայտարարել է, որ «միշտ խուսափել է քաղաքական կուսակցությունների գործունեությանը մասնակցությունից» և չի ցանկանում, որպեսզի իրեն ներգրավեն «քաղաքական ֆուտբոլային խաղում», ինչի պատճառով էլ որոշել է չընդունել հրավերը:
Բրիտանական կառավարությունն, իր հերթին, ափսոսանք է հայտնել Ջագերի որոշման կապակցությամբ և ընդգծել , որ արարողությունն արվում է ոչ թե Պահպանողական կուսակցության հեղինակությունը բարձրացնելու համար, այլ Օլիմպիական խաղերի շեմին ներդրողների ներգրավման նպատակով (խաղերն անցկացվելու են այս տարվա ամռանը, Լոնդոնում):
Թեյի արարաղությանը կմասնակցեն Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, թոփ- մոդել Լիլի Քոուլը և այլք:
Դավոսի միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունվարի 25-29-ը: Սպասվում է, որ դրան կմասնակցի մոտ 2. 600 քաղաքական գործիչ ու գործարար, որոնց թվում` ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմըթի Գայթները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը և Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը: Համաժողովը կբացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:









