Բուլղարիան բաց է շենգենյան մուտքի արտոնագիր ունեցողների համար

18:21 • 25.01.12

Բուլղարիայի կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է ընդունել, համաձայն որի` շենգենյան մուտքի արտոնագիր ունեցող քաղաքացիները Բուլղարիա մտնելու կարճաժամկետ մուտքի ու ելքի իրավունք կստանան` տեղեկացնում է The Sofia Echo լրատվական կայքը:

Որոշման մեջ մասնավորապես նշված է. «բոլոր նրանք, ովքեր իրենց անձնագրերում ունեն շենգենյան մուտքի արտոնագիր, կարող են 3 ամիս գտնվել Բուլղարիայում առանց Բուլղարիայի մուտքի արտոնագիր ստանալու»:

Այս որոշումը գլխավորապես պայմանավորված է զբոսաշրջության զարգացումն ապահովելու համար:

Լրատվամիջոցը հավելում է, որ, եթե շենգենյան մուտքի արտոնագիր ունեցողները կարող են ազատ Բուլղարիա մուտք գործել, նույնը չի կարելի ասել նրանց համար, ովքեր ունեն բուլղարական մուտքի արտոնագիր, բայց ցանկանում են ԵՄ մուտք գործել:

Բուլղարիայի իշխանությունները հույս ունեն, որ այս տարվա ընթացքում իրենց կհաջողվի միանալ շենգենյան համաձայնագրին:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի և Ռումինիայի շենգենյան գոտի մտնելու հարցը նախատեսվում էր քննարկել նախորդ տարվա աշնանը, սակայն մի շարք անդամ երկրների բացասական դիրքորոշման արդջունքում հարցը հետաձգվել է: