«Եթե կան փաստեր, թող ներկայացնեն». Աշոտ Ահարոնյան
«Եթե կան փաստեր, թող ներկայացնեն, և բոլոր այդ աշխատակիցները կպատժվեն: Ոստիկանությունը նման անօրինականությունների նկատմամբ կոշտ դիրքորոշումներ ունի»,-ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած մի տեղեկատվության, ըստ որի Ոստիկանության հատուկ դասակի և պարեկապահակային ծառայության աշխատակիցները դուրս են գալիս իրենց լիազորությունների շրջանակից։
Մասնավորապես, այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Ոստիկանության ուղեկցող հատուկ դասակի աշխատակիցները երեկոյան կանգնեցնում են վարորդներին և հայտարարում, որ խախտում են արել, ապա այդ խախտումը չարձանագրելու համար անցնում են Հայաստանում ընդունված «ընթացակարգին», իսկ պարեկապահակային ծառայության աշխատակիցները, որոնք արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով շրջում են քաղաքում, ուշ ժամերին սկսում են վարորդների շրջանում «ռեյդ» իրականացնել:
Մեր խնդրանքոմ Ահարոնյանը հաստատեց նաև Ոստիկանության Մասիսի և Չարենցավանի բաժիններում տեղ գտած պաշտոնանկությունների հետ կապված մեկ այլ լուր։
Ահարոնյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով ծառայողական պարտականությունների մեջ թերանալու, ստորաբաժանման ֆինանսական և ծառայողական գործունեության աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու և առավել ցածր արդյունքներ գրանցելու համար աշխատանքից հեռացվել են ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Չարենցավանի բաժնի ղեկավար Լյովա Հունանյանը և Մասիսի բաժնի ղեկավար Սուրեն Հարությունյանը:









