«Դուբայ-Երևան» չվերթի ինքնաթիռի ուշացած վայրէջքը սովորական իրավիճակ է.. «Զվարթնոցի» մամուլի պատասխանատու

11:02 • 25.01.12

Այսօր մամուլում տեղեկություն կար, որ «Ֆլայ Դուբայ» ընկերության ինքնաթիռը Դուբայ-Երևան չվերթի ժամանակ հարկադրված կերպով երեք ժամ ուշ է վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ նախատեսված 10։10-ի փոխարեն վայրեջք կատարելով 13։15-ին՝ այդ ընթացքում անընդհատ պտույտներ կատարելով Երևանի օդային տարածքում:

Այս միջադեպը«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամայանը սովորական իրավիճակ է համարում: Սակայն, միաժամանակ Tert.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ նման դեպքեր հաճախ չեն պատահում:
«Երեկ մառախուղ էր, այդ պատճառով օդանավը չէր կարողանում ճիշտ ժամանակին վայրէջք կատարել: Նման պահերին օդաչուն է որոշում՝ ինչպես դուրս գալ իրավիճակից: Նա կարող է հետ վերադառնալ կամ օդում պտտվել` սպասելով եղանակի փոփոխությանը»,-ասաց Գևորգ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, և օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոցում», չնայած, ըստ մամուլի, հայտարարվել էր, որ թույլատրելի վերջնաժամկետի մոտենալու դեպքում հնարավոր է վայրէջքի կատարում Գյումրիի կամ Թբիլիսիի օդանավակայաններում։

Գևորգ Աբրահամյանը նշեց, որ գոնե ինքը տեղյակ է, որ աշխարհում նման իրավիճակներում եղանակային պայմանների վրա ներազդելու պրակտիկա չկա: Այլապես, եթե լիներ, ապա երկրորդ կարգի օդանավակայանների թվին դասվող «Զվարթնոցը» կունենար նման միջոցներ:

Նշենք, որ առաջին կարգի օդանավականներն աշխարհում մի քանի հատ են: