911՝ օդում ջրում և ցամաքում. ԱԻՆ-ը խոստանում է օգնել ամենուրեք (տեսանյութ)
Նոր տարվանից Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության ներքո գործում է 911 ծառայությունը, որի միջոցով խնդիրների դեպքում ցույց է տրվում հրատապ օգնություն` ուղղված բնակչության առողջության, կյանքի, գույքի ունեցվածքի փրկությանը:
ԱԻՎ Ճգնաժամային կառավարման կենտրոն 2012 թվականի հունվարի 9-15-ը ընկած ժամանակահատվածում ստացվել է շուրջ 37 հազ. զանգ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԻՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Համգելդյանը:
Հիշեցնենք, որ է 911 ծառայությունը այս պահին փոխարինում է 1-01 և 112՝ բջջային SOS հեռախոսահամարներին, որոնք, սակայն, առանձին կգործեն, այսինքն՝ զանգեր կընդունեն մինչև ընթացիկ տարեվերջ: Նախատեսված է, որ 911-ը ապագայում կփոխարինի նաև1-02 և1-03 ծառայություններին, սակայն առայժմ ժամկետների մասին չի նշվում:
«Այս 37 հազ. զանգերի թվում եղել են և՛ հրատապ օգնության համար զանգեր, և՛ այլ ծառայություններին, և՛ կոմունալ-կենցաղային խնդիրներին առնչվող զանգեր, որոնց գերակշռող մեծամասնությունը երկրորդ խումբ զանգերին է վերաբերում»,- ասաց Հովհաննես Համգելդյանը: Վերջինիս խոսքով՝ եղել են նաև խուլիգանական բնույթի զանգեր, երբ հայհոյել կամ «փչել են» հեռախոսափողի մեջ: Ինչ վերաբերում է կենցաղային դեպքերին, ապա զանգահարել են ինչ-որ տեղ պայթած խողովակների, վերելակի խափանման կամ այլ խնդիրների առաջացման դեպքում:
Հիշեցնենք, որ 911 ծառայությունը և նորաստեղծ Ճգնաժամային կառավարման կենտրոնը ոչ միայն սպասարկում է զանգերը, այլև արձագանքում դեպքերին:
Ի դեպ, Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում օրերս տեղադրվել է 911 ծառայությանը նվիրված հոլովակ, որտեղ խոսք է տրվում օգնել «օդում, ջրում և ցամաքում»։









