Orange-ը շարունակում է աջակցել աուտիզմով հիվանդ երեխաներին
Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում «Orange Հիմնադրամը» և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ 2011թ. ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին:
Ծրագիրը ներառում էր մի քանի փուլ: Աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի ախտորոշման նոր մեթոդի ներկայացման և ներդրման (CHAT) թեստի նպատակով դասընթացներ են անցկացվել Երևանի և Արարատի մարզի առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար:
Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են թվով 160 մանկաբույժ և հոգեբույժ, 238 մանկավարժ, 30 ծնող, 120 երեխա
Ծրագրի շրջանակներում Երևան են հրավիրվել երկու շվեյցարացի մասնագետ` ԱԴՈՍ («Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ») մեթոդը Հայաստանում ներդնելու նպատակով: Այն աշխարհում ճանաչված է որպես Աուտիզմի «Ոսկե Ստանդարտ»:
Այս մեթոդը (ADOS Autism Diagnostic Observation Schedule) նախատեսված է օգնելու աուտիզմի սպեկտրի խանգարումների ախտորոշմանը: Դասընթացներին մասնակցել են «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնի մարզային մասնաճուղերի մասնագետները, ինչպես նաև Երևան քաղաքի հոգեբույժները, մարզային կենտրոնների նեղ մասնագետներ: «ԱրԲեՍ» ԱԿ-ում ծնողների ներկայությամբ իրականացվել է ADOS-ի կիրառմամբ կասկածելի դեպքերի ախտորոշման հաստատումը: Յուրաքանչյուր դեպք նկարահանվել է և քննարկվել կենտրոնների մասնագետների հետ:
«Աուտիզմը հիվանդություն է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն »,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2012թ. որն այս տարի ոչ միայն կներառի վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների, բժիշկների ու աուտիզմով երեխաների ծնողների համար, այլև ավելի ընդգրկուն կլինի: Մասնավորապես, Երևանում կիրականացվի պիլոտային նախագիծ պոլիկլինիկաներից մեկի հետ` ներառելով հանրային առողջապահության առաջնային օղակի մասնագետներին:
Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն Ֆրանսիայի լիցեյներից մեկի հետ, որն ունի բազմաթիվ տարիների փորձ` դեռահասների մասնագիտական կրթության ներդնման և աուտիզմով երեխաների մոտ ինքնուրույնության ձևավորման հարցում:









