Մուբարաքը ցուցարարների վրա կրակ բացելու հրաման չի տվել. Եգիպտոսի ՆԳ նախկին նախարար
2011 թվականի ձմռանը Եգիպտոսում անցկացված բողոքի ցույցերի ժամանակ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու հրաման չի տվել: Այս մասին, ինչպես հաղորդում է ռուսական «ՐԻԱ նովոոստի» գործակալությունը, խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու գործով դատական նիստում հայտարարել է Ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլին:
Նա, ընդհակառակը, նշել է, որ իրեն հրամաններ է արձակվել «դրսևորել առավելագույն զսպվածություն և կարգապահություն, պահպանել և պաշտպանել հասարակության սեփականությունը»:
«Ավելին, ե՞ս ինչպես կարող էի իմ քույրերի ու եղբայրների ուղղությամբ կրակ բացելու հրաման արձակել»,- հավելել է ալ Ադլին:
Նախկին նախարարի պաշտպանն իր հերթին մեղադրել է Թահրիր հրապարակում գտնվող (այստեղ են անցկացվել անկարգությունները) Ամերիկյան համալսարանի Կահիրեի մասնաճյուղի անվտանգության աշխատակիցներին` նշելով, որ հենց նրանք են կրակ բացել եգիպտացիների ուղղությամբ: Նա հայտարարել է, որ այդ անկարգությունները «հրահրել է երրորդ կողմը»:
2011թվականի օգոստոսից Կահիրեի ոստիկանական ակադեմիայի շենքում անցկացվում է Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի, նրա որդիների, ինչպես նաև ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ Ադլիի ու նրա վեց տեղակալների դատը: Նրանք մեղադրվում են խաղաղ ցուցարարներին կրակելու և կոռուպցիայի մեջ:
Մեղադրյալներն իրենց մեղքը հերքում են:Դատախազությունը և անկարգությունների հետևանքով զոհերի պաշտպաններն ու հարազատները նրանց համար պահանջում են մահապատիժ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` ցուցարարների ու ոստիկանության բախումների հետևանքով զոհվել է 900 մարդ:









