Քեթրին Էշթոնն Իսրայելի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրանական պատժամիջոցների թեման
Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Թել Ավիվ կատարած այցի ընթացքում այսօր հանդիպում է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ, որի ժամանակ, մի շարք հարցերից զատ, քննարկվել է նաև Եվրամիության Իրանի նկատմամբ վերջերս ընդունած պատժամիջոցների որոշումը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, իսրայելցի նախարարը ողջունել է Եվրամիության այս որոշումը:
Նա անհանգստություն է հայտնել «Իրանի` Իրաքի գործերին միջամտության աճի և Սիրիայում Ասադի ռեժիմի ուժեղացմանն ուղղված գործունեության առնչությամբ»:
Հանդիպմանը նաև քննարկվել է Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների վերսկսման թեման: Էշթոնի` Իսրայել այցի գլխավոր նպատակը կողմերին քաղաքական գործընթացը շարունակելու հարցում համոզելն է:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են իրանական նավթի նկատմամբ արգելք դնելու մասին որոշումը:









