Սկանդալ մամուլի ակումբում. Հմայակ Հովհաննիսյանը լքում է ասուլիսը

15:14 • 26.01.12

Այսօր քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի և «Հայ-ռուսական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Ահարոնյանի համատեղ ասուլիսն սկսվեց սկանդալով. Հմայակ Հովհաննիսյանը չէր ցանկանում բանավիճել Ռոբերտ Ահարոնյանի հետ՝ ասելով որ իրեն նախապես չեն տեղեկացրել, որ իր հետ բանավիճողներ են լինելու:

«Ես խոսել չեմ ուզում ձեզ հետ, պարո´ն Ահարոնյան: Բանավիճելու ոչ մի հարց չունեմ: Ինչի՞ շուրջ պետք է մենք բանավիճենք»- ասաց Հմայակ Հովհաննիսյանը և լրագրողներին հորդորեց անձամբ իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ իմանալու համար իրեն հարցեր ուղղել մեկ այլ վայրում:

Թեև Ռոբերտ Ահարոնյանը պատրաստ էր բանավիճել, Հմայակ Հովհաննիսյանը կրկնեց, որ ցանկություն չունի բանավիճելու և լքեց սրահը:

«Ես ձեր կազմակերպությունը չեմ ճանաչում ու ոչ մի հարցի շուրջ բանավիճելու ցանկություն չունեմ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Ռոբերտ Ահարոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքն ու Հմայակ Հովհաննիսյանը շատ լավ են միմյանց ճանաչում և նախկինում միշտ ունեցել են ընկերական հարաբերություններ:

«Ես կարծում եմ, որ ինքը Ռուսաստան անունը լսեց ու էլ չցանկացավ մասնակցել բանավեճին: Դե երևի չի ուզում տարբեր հարցերի շուրջ իր կողմ, կամ դեմ տեսակետը ներկայացնել»,- այսպես մեկնաբանեց Ռոբերտ Ահարոնյանը: