Մեր հայ Նապոլեոններն ու Անդրանիկները նույնպես Merci-ի հետևանք են. Հրանուշ Խառատյան
Ախուրիկցի ամուսինների կողմից իրենց անդրանիկ որդուն Սարկոզի անվանակոչելու երևույթին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը շատ պարզ բացատրություն ունի. պատմական կերպարները, որոնց նկատմամբ առկա են գիտակցվող դրական էմոցիաներ կամ շնորհակալական, երախտագիտական զգացմունքներ, մշտապես եղել են և կան հայերի անվանաբանական համակարգում: Այս մասին ազգագրագետը ասաց Tert.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ երեկ ախուրիկցի զույգն իր որդուն Սարկոզի էր անվանակոչել ի նշան Ֆրանսիայի նախագահի հանդեպ ունեցած երախտագիտության՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում նրա՝ պրոհայկական դիրքորոշում ցուցաբերելու համար:
«Կոնկրետ Սարկոզիի դեպքը կարծում եմ՝ մեզանում այնքան էլ ինտենսիվ օրինաչափություն չէ, բայց նման դեպքեր , անշուշտ, կան: Ես օրինակ՝ Տավուշի մարզում գիտեմ մի մարդու՝ Մորոզով Կարապետյանի, որի հայրը որդու անունը Մորոզով է դրել՝ ի պատիվ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր հրամանատարի, որի անունը Մորոզովի հայրը չէր հիշել; Անունը չէր հիշել, բայց այդ ռուս մարդու նկատմամբ շնորհակալական զգացմունքները պահպանվել են»,- ասաց ազգագրագետը:
Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբին Հայաստան այցելած Ֆրանսիայի նախկին նախագահի անունով էլ մի քանի երեխա անվանվեցին Ժակ Շիրակ:
Հրանուշ Խառատյանը թեև Պուտին անունով հայ երեխա անձամբ չի ճանաչում, սակայն վստահ է, որ հայ Վլադիմիրներից մի քանիսը այդպես են կոչվել ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի անունով:
Դրական կամ շնորհակալական զգացմունքներով երեխային անվանակոչելու մերոնց մղումներն, առհասարակ, վերաբերում են ինչպես հայկական պատմական կերպարներին՝ պատմական և իրական հերոսներ, նահատակներ,զորավարներ և այլն , այնպես էլ օտարներին:
Հայկական անուններում այս երևույթը տարածված է Տիգրան, Վարդան, Պապ, Սամվել անունների միջոցով՝ ի պատիվ Վարդան Մամիկոնյանի, Տիգրան Մեծի , Պապ թագավորի և Րաֆֆու «Սամվել» վեպի հայտնի հերոսի:
Հրանուշ Խառատյանն ավելացրեց, որ եղեռնից մազապուրծ սասունցիների և մշեցիների առաջին սերունդները, որ հաստատվեցին Հայաստանում, երախտագիտություն հայտնում էին 19-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի հերոսներին ՝ Անդրանիկ, (Անդրանիկ Օզանյան), Գևորգ, Սերոբ (Գևորգ Չաուշ և Աղբյուր Սերոբ):
«Ուջան գյուղում այնպիսի ընտանիք չկա, որտեղ մի Անդրանիկ չլինի և սերնդե սերունդ՝ 3-4 սերունդ հետո սասունցիներ ընտանիքներում բոլորը ունեն՝ Անդրանիկ Գևորգի, Գևորգ Անդրանիկի, Գևորգ Սերոբի անուն-հայրանունները՝ և՛ իբրև պապական անուններ և՛ ի պատիվ հայ ազգային հերոսների»,- նշեց Հրանուշ Խառատյանը:
Ինչ վերաբերում է օտարներին: Հրանուշ Խառատյանն այս առնչությամբ հիշատակեց 20-րդ դարի Նապոլեոններին, Ստալիններին, Լենիններին ( անկախ նրանից, թե նշված անձինք համաշխարհային և մարդկային պատմության կողմից ինչ ընկալում ունեն ), Պուշկիններին: Դրանց տարածված լինելու հարցում դեր է ունեցել ինչպես անվան բարեհունչությունը, այնպես էլ էսթետիկական ընկալումները և դրանցով պայմանավորված՝ այդ անուններն իրենց երեխային փոխանցելու ցանկությունը:
Մի առանձին ուղղվածություն ունեն հայերի և այլ ազգերի պատմամշակութաբանական առնչությունները, որպես այլ մշակույթների հետ ինտենսիվ շփումների արդյունք: 20-րդ դարի հայ Սերգեյների, Ժորաների, Վլադիմիրների անվանակոչումն, ըստ ազգագրագետի՝ հենց այդպիսի ծագում ունի:
Այս երևույթը տարածված է եղել նաև միջին դարերում, երբ արաբների և մահմեդականների գերիշխանության տարբեր ժամանակահատվածներում հայկական անվանաբանական համակարգ են մուտք գործել մահմադական անուններ, որոնցից ամենացայտուն օրինակներն են Աբասը և Հասանը: Հիշենք, Հասան Ջալալյանին: Սրանում, ըստ ազգագրագետի, դեր է ունեցել ինչպես իշխող քաղաքական էլիտային մոտ լինելու հայ իշխանների մղումը, այնպես էլ միջին դարերում ժառանգության փոխանցման հարցերը կարգավորող մահմեդական օրենքները:









