Բանակն այսօր Հայաստանում ամենակայացած կառույցն է. Հրայր Կարապետյան
Շնորհիվ հայոց բանակի կռել ենք հաղթանակ, և սա հայոց նորագույն պատմության ամենափառահեղ հաղթանակն էր: Այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ պաշտպանության ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ շնորհավորելով հայոց բանակին 20-ամյակի առիթով:
«Բանակն այսօր Հայաստանում ամենակայացած կառույցն է՝ այն իմաստով, որ կարողանում է հաջողությամբ լուծել իր առաջ դրված խնդիրները՝ պաշտպանել հայրենի սահմանները: Բանակն անընդհատ կատարելագործման ընթացքի մեջ է: Այս տարիների ընթացքում ընդունվել են մի շարք կանոնագրքեր և մի շարք կարևոր փոփոխություններ ենք արել Զիվորական ծառայության անցնելու մասին օրենքում»,- ասաց պարոն Կարապետյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին պատրաստ է բանակի ընդհանուր կանոնագիրքը, որը շուտով ներկայացվելու է Ազգային ժողովին:
«Հաճախ բանակում պատահարներ լինում են, քանի որ օրենքը չի գործել, իսկ չի գործել որովհետև չի եղել: Զինվորականները գործել են կառավարության այս կամ այն որոշումով: Սպաները պետք է իմանան իրենց պարտականությունները, իսկ զինվորներն էլ կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց նա:
Նա հպարտությամբ նշեց, որ Հայոց բանակի պատրաստվածության մասին գիտեն շատ երկրներ, քանի որ Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղապահ ուժերը զարմացրել են իրենց օրինակելի վարքով ու պատրաստվածությամբ:
«ՀԱՊԿ-ի զորավարժությունների ընթացքում հաճախ հայ զինվորները ցույց են տվել ամենաբարձր արդյունքները»,- ասաց Կարապետյանը:









