Կմիանա՞ն Հայաստանի կոմունիստական երեք կուսակցությունները
«Հայ-ռուսական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը այսօր հանդես եկավ Հայաստանի երեք կոմունիստական կուսակցություններին միավորելու դիմում-կոչով:
«Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությանը», «Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությանը» և «Առաջադիմական միացյալ կոմկուս»-ին դիմումի մեջ կոչ է արվում ստեղծել սոցիալիստական դաշինք և համատեղ հանդես գալ խորհրդարանական ընտրություններում: Դիմում-կոչն արդեն հանձնվել է երեք կուսակցությունների առաջնորդներին:
«Արդեն յոթ տարի է այս կուսակցությունների միջև միավորվելու շուրջ քննարկումներ են ընթանում: Բայց ղեկավարների ամբիցիաները թույլ չեն տալիս միավորվել, որովհետև պետք է որոշվի` ով է առաջնորդը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ռուսական միավում» ՀԿ-ի նախագահը:
Կոմունիստական կուսակցություններին համախմբելու ցանկությունը ՀԿ-ի նախագահը պատճառաբանեց նրանով, որ 90-ականներին «Կոմունիստական կուսակցության» պառակտումից հետո Հայաստանում իրական ընդդիմությունը վերացել է:
«Մենք այս ամենից ոչ մի շահ չունենք, ուղղակի ուզում ենք, որ քաղաքական դաշտը ճիշտ ձևավորվի: Ոչ թե աթոռների միջև (նկատի ունի համար - Tert.am) կռիվ լինի, այլ` գաղափարների: Այսօր բոլոր կուսակցությունները հիմնականում նույն գաղափարախոսությունն ունեն»,- ասաց Ահարոնյանը:
Եթե Հայաստանի կոմունիստական կուսակցությունները չմիավորվեն ու չգնան խորհրդարան, ապա Ռոբերտ Ահարոնյանն իր ձայնը տալու է այն կուսակցությանը, որն իր ծրագրի մեջ կներկայացնի Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում:









