Վրաստանի պատասխանը Ռուսաստանին` պայմանների լեզվով

13:58 • 26.01.12

Վրաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը փակի Աբխազիայում և Հարավային Օսիայում դեսպանատները և ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է vz.ru-ն, այսօր հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն` հավելելով, որ Ռուսաստանը «գրավել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը», ինչն ընդունված է միջազգային հանրության կողմից:

Վրաստանի պատասխանը հաջորդել է երեկ Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հնչեցրած հայտարարությանը: Հիշեցնենք, որ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի հետ միայն այն դեպքում, եթե Վրաստանի իշխանությունները փոխվեն:

«Կա ընդամենը մեկ մարդ, որի հետ ես չէի ցանկանա գործ ունենալ: Բոլորդ կռահում եք ում մասին է խոսքը, նրա հետ ես ոչ ցանկանում եմ հանդիպել, ոչ նրա ձեռքը սեղմել»,- ասել էր Մեդվեդևը:

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանի իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, որ առանց Միխեիլ Սաակաշվիլիի, երկրում կլինի ղեկավարություն, որը կենթարկվի ռուսական հրահանգներին»:

«Վրաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ռւսաստանի հետ երկու երկրների միջև առկա հարցերի շուրջ: Մենք հարևաններ ենք: Սակայն Ռուսաստանի իշխանությունների նման վերաբերմունքն անլուրջ է: Նրանք փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, իբր հետաքրքրված են նրանում, որ Վրաստանը լավ լինի, սակայն դրան խանգարում են որոշ գործոններ»,- ասել էր փոխարտգործնախարարը` հավելելով որ վրաց ժողովուրդը չի մոռացել, թե ինչպես էր Ռուսաստանը 2008 թվականին պատերազմում իր, այլ ոչ Վրաստանի իշխանությունների դեմ:

«Վրաստանի բնակչության նկատմամբ տարվող նման քաղաքականությունն ագրեսիա է, էթնիկ բնաջնջում, որը շարունակվում է ցայսօր»,- ասել էր ԱԳՆ ներկայացուցիչը: