Մարսելում հայանուն փողոցների թիվն ավելացավ ևս երկուսով

16:15 • 26.01.12

Ֆրանսիայի Մարսել քաղաքում հայանուն փողոցների թիվն ավելացել է ևս երկուսով։ Ինչպես գրում է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթը, Մարսելի 12–րդ թաղամասում գտնվող փողոցներից երկուսն այսուհետ կրելու են Մորիս Տեր Մերկերյանի և Էդմոն Բիրյանի անունները (հենց այդ փողոցների միջև ընկած հատվածում է գտնվում Ցեղասպանության հուշարձանը):

Մորիս Տեր Մերկերյանն ու Էդմոն Բիրյանը համապատասխանաբար 18 և 17 տարեկան հասակում զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1940թ. օգոստոսի 23–ին)՝ Մարսելի ազատագրման համար մղված մարտերում։

Թերթն ընդգծում է, որ փողոցների անվանակոչման արարողությանը մեծ թվով մարդիկ են ներկա եղել։ Ելույթի խոսքով հանդես է եկել Էքս ան Պրովանսի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր Ռոբեր Տեր Մերկերյանը, ապա Բ. Բիրյանը։ Նրանք շնորհակալություն են հայտնել Մարսելի քաղաքապետարանին՝ իրենց եղբայրների հիշատակը հավերժացնելու համար։

Միջոցոռմանը ներկա են եղել նաև ֆրանսիացի սենատոր, Մարսելի քաղաքապետի կցորդ Ռոլան Բլումը, ինչպես նաև քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ։

Սենատոր Բլումն իր ելույթի խոսքում անդրադարձել է նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և ընդգծել, որ Անկարան ոչ միայն շարունակում է իր պատմությունն ուրանալ, այլև փորձում է իր կամքը Ֆրանսիային թելադրել։

Մարսելում այժմ հայանուն 18 փողոց կա։