ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Բաքվում հնարավոր է՝ քննարկի Մինսկի խմբի կազմում Ֆրանսիայի գործունեության դադարեցման հարցը

19:28 • 26.01.12

ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մերֆին երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Մերֆին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդակայանում լրագրողներին ասել է, թե ադրբեջանական կողմի հետ հնարավոր է՝  քննարկի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Ֆրանսիայի գործունեության դադարեցման հարցը։

«Ադրբեջանական կողմի հետ մենք կքննարկենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր,  հնարավոր է՝ քննարկվի նաև Մինսկի խմբի կազմից Ֆրանսիայի դուրս գալու հարցը»,– ասել է Մերֆին և հավելել, որ ԵԱՀԿ–ին մտահոգում է Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան նախաձեռնությունը։

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ադրբեջանական և թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել» չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում։

Նշենք, որ Մերֆին Բաքու է այցելել տարածաշրջանային այցի շրջանակում (հունվարի 25–ին նա Հայաստանում էր)։ Բաքվում հանդիպումների ժամանակ Մերֆին քննարկելու է ԵԱՀԿ գործող նախագահի առաջիկա տարածաշրջանային այցի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունները։

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը տարածաշրջան կայցելի մոտ ժամանակներս։