Վիգեն Սարգսյանը հանդիպել է կառավարության շենքի դիմաց բողոքող ցուցարարներին (տեսանյութ)
«Հայրենի՛ք, պաշտպանի՜ր քո պաշտպանին», «Ինքնասպանությունների անարդարադատություն», «Դալմայի այգիներ. կատարե՛ք մեր պահանջները»,- քիչ առաջ ավարտված կառավարության նիստին այս կարգախոսներով էին փորձում «ներազդել» Հայաստանի քաղաքացիների սոցիալական այն խմբերը, որոնք ամեն հինգշաբթի հավաքվում են գործադիր մարմնի շենքի դիմաց՝ իրենց բարձրացրած հարցերին լուծում տալու համար: Նկատենք, որ առայժմ՝ հիմնականում ապարդյուն: Այսօր կառավարության շենքի դիմաց էին Եկմալյան փողոցի՝ իրացման գոտու զոհ դարձած բնակիչները, հաշմանդամ օդաչուները, Դալմայի այգիների սեփականատերերը, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ու սպաների հարազատները և նրանց աջակցող քաղաքացիական նախաձեռնությունների խմբերը: Այսօր ներկա էին նաև «Բանակն իրականում» խմբի անդամները:
Քիչ առաջ զոհված զինծառայողների ծնողներին մոտեցավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Ուղիղ մեկ տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրի ճաղերի հետևից խոստացել է, որ նորանշանակ (այն ժամանակ) զինդատախազ Գևորգ Կոստանյանը կլուծի մեր բոլոր հարցերը, սակայն առ այսօր ոչ մի բան Կոստանյանը չի լուծել»,- բանակում զոհվածի հարազատն ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին: Ի պատասխան, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Գևորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկն է, և հետևաբար, եթե խոստացվել է, ուրեմն կանի:
Այս պահին բողոքող քաղաքացիների հետ զրուցում է նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այս պահի դրությամբ միջադեպեր չեն գրանցվել, ոչ ոք ոչ մեկին «բոմժ« կամ այլ բան չի անվանել:
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց է նաև «ՀՀՇ-ի Գևորիկը»՝ իր արդեն հայտնի դարձած «Առա՛ջ , Հայաստան» շարֆով: Նա բացառապես մոտենում է նախարարական մեքենաներին:









