ԼՂՀ նախագահը մասնակցել է Քարինտակի հերոսամարտի տարեդարձին նվիրված միջոցառմանը

13:13 • 26.01.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Շուշիի շրջան և մասնակցել Քարինտակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության` Բակո Սահակյանը նշել է, որ Քարինտակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր ազգային-ազատագրական պայքարում` լինելով առաջին և հիմնարար հաղթանակներից մեկը:

Նրա խոսքով` այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել և պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին:

ԼՂՀ նախագահը նաև նշել է, որ այդ ու մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, և «մեր նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարինտակի ու մեր հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը»:

Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից: