Պուտինը ավելի քիչ համբերություն կունենա ձեռք սեղմելու վրա ժամանակ կորցնելով. քաղաքագետ
Սոչիում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպում Մեդվեդևի միջնորդությամբ վերջին անգամն էր, սակայն Պուտինի նախագահ դառնալու պարագայում՝ փոփոխություններ կարելի է ակնկալել: Նման կարծիք այսօր հայտնեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Պուտինի օրոք ոճը կտարբերվի իր նախորդից նրանով, որ հավանական է, նա ավելի քիչ համբերություն ունենա ձեռք սեղմելու վրա ժամանակ կորցնելով: Նա ավելի շատ կողմերին կհավաքի մեկ սենյակում և ճնշում կգործադրի»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ հաշվի առնելով Պուտինի վատ հարաբերությունը Սարգսյանի հետ, նման ճնշումները մեր դեպքում կլինեն ոչ էֆեկտիվ: «Դա մեզ համար առավելութուն է, և ի տարբերություն Քոչարյանի՝ Սարգսյանը ընկերական հարաբերություններ չունի Պուտինի հետ»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ դա զերծ կպահի ավելորդ կախվածությունից:
Իսկ բուն հանդիպման արդյունքներից Ռիչարդ Կիրակոսյանը վկայակոչեց հանդիպումից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովի հայտարարությունը, որն ըստ նրա՝ արտահայտում էր Ադրբեջանի նկատմամբ հուսախաբություն՝ կապված վերջինիս ռազմական դիվանագիտությանը: «Որովհետև դա ոչ դիվանագիտական է, և ոչ ռազմական»,- նշեց նա:
Ի դեպ, Ռիչարդ Կիրակոսյանը ուշադրություն հարվիրեց հայկական Զինված ուժերին ադրբեջանցի զինվորի կամավոր հանձնվելու փաստի վրա, ինչն էլ ըստ նրա՝ ցույց է տալիս առկա խնդիրները ադրբեջանական բանակում:









